2018 թ.-ի պետության սուբսիդավորմամբ գյուղատնտեսական լիզինգով տրամադրված առաջին տեխնիկան

Այսօր՝ փետրվարի 21-ին, Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրով Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի ու "Հրաշք այգի" ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում տրամադրվել է տրակտոր և հողաֆրեզ, որոնք կիրառվելու են Արմավիրի մարզի Արտաշար համայնքում: 

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում շահառուները կարող են ձեռք բերել տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, ցողիչներ և այլ գյուղտեխնիկա: Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան տոկոսադրույքը` 9 %, որից 7 %-ը սուբսիդավորվում է պետության կողմից, արդյունքում` ֆերմերը վճարում է աննախադեպ 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետում` կախված տեխնիկայի տեսակից: