Կրասուլա (փողածառ)

Չնայած այն բանի, որ փողածառը պահանջկոտ չէ խնամքի հանդեպ, սակայն խնամված և առողջ բույս ունենալու համար պետք է իմանալ որոշ կենսաբանական առանձնահատկություններ։ Փողածառն այն եզակի բույսերից է, որոնք նորմալ աճում են հարավային կողմնադրությամբ պատուհանների մոտ՝ արևի ուղիղ ճառագայթների տակ։ Նրա համար օպտիմալ վայր է համարվում տան հարավ-արևելյան հատվածը, վատ չի աճում նաև արևելյան հատվածում։ Լույսի սակավության դեպքում ծաղիկը չի մահանա, սակայն կունենա ավելի երկար ճյուղեր և գունատ տերևներ։ Ձմռանից  կամ երկարատև մռայլ եղանակից հետո, այրվածքներից խուսափելու համար ավելի լավ է վառ լուսավորությանն ադապտացնել աստիճանաբար։
 

Ջերմաստիճանային պայմաններ

Բույսի պահանջը ձմեռային և ամառային ջերմաստիճանների հանդեպ տարբեր է։ Երբ բույսն ակտիվ կերպով աճում է, նրան անհրաժեշտ է 20-25°С ջերմաստիճան և թարմ օդ (կարելի է տեղափոխել պատժգամբ)։ Ձմռան ամիսներին ծաղկին անհրաժեշստ է հանգստի փուլ, զով (8-10°С) տարածություն և այն կարող էդիմանալ մինչև (-2)°С ցրտին։ Փողածառը վատ չի ձմեռում նաև սովորական սենյակային պայմաններում, մայն խորհուրդ չի տրվում տեղադրել ջեռուցման մարտկոցների մոտ։ Պետք է նկատի ունենալ, որ առանց հանգստի փուլի (ցածր ջերմաստիճանային պայմաններում), բույսերի մոտ կարող է ճյուղերը երկարել, իսկ տերևները թափվել։
 

Փողածառի ծաղկամանը

Փողածառի համար ծաղկաման ընտրելիս պետք է հաշվի առնել, որ նրա մոտ արմատային համակարգը խորը չէ և շատ զգայուն է խոնավության նկատմամբ, իսկ սաղարթը ծանր է և աճում է լայնությամբ։ Որպեսզի բույսը լավ աճի և ամուր լինի, խորհուրդ է տրվում տնկել ծանր, լայն և տափակ տարայի մեջ, որի տրամգիծը չպետք է պակաս լինի, քան սաղարթինը։ Ծաղկամանի հատակն անպայման պետք է ունենա անցքեր և դրենաժ 2 սմ հաստությամբ, ավելորդ ջրի հեռացման համար։

 

 Հողային միջավայրը

Փողածառի համար գրունտ կարելի է ձեռք բերել պատրաստի վիճակում, կամ պատրաստելինքնուրույն։Հողախառնուրդի  բաղադրության հանդեպ բույսը պահանջկոտ չէ, այն կարող է լինել կակտուսների համար նախատեսված, կամ ցանկացած այլ փխրուն խառնուրդ՝ խոշորահատիկ ավազի կամ ագրոպերլիտի բարձր պարունակությամբ։Խոնավության ավելցուկի դեպքում օգտակար է հողախառնուրդին ավելացնել բնափայտային ածխի կտորներ՝ արմատային համակարգը փտումից պաշտպանելու համար։
 

Վերատնկում

Կրասուլայի վերատնկումը խրհուրդ է տրվում իրականացնել տարին մեկ անգամ՝ երիտասարդ բույսերի դեպքում, իսկ 3-4 տարին մեկ անգամ՝ հասուն բույսերի դեպքում։ Վերատնկումը կատարվում է գարնանը, սովորաբար այն ժամանակ, երբ ամբողջ ծաղկամանը լցվում է արմատներով։ Որպեսզի բույսը չվնասվի, փոխադրումը պետք է կատարել արմատների հողի հետ միասին՝մեծ տրամագծովոչ բարձր տարրայի մեջ և բաց մնացած հատվածները լրացնել մաքուր հողով։ Եթե արմատը չափից ավել է երկարել, ապա այն պետք է կտրել այնպես, որ ամբողջությամբ տեղավորվի ծաղկամանի մեջ։ Այն պետք է ջրել շատ զգուշորեն՝ թույլ չտալով գերխոնավացում, որը կարող է առաջացնել արմատային համակարգի փտում։
 

Ջրման ռեժիմ

 Տնային պայմաններում կրասուլան նվազագույն խնամքի կարիք ունի։ Այն ջրում են հազվադեպ, միայն հողի արտաքին շերտի չորանալուց հետո, քանի որ նրանք ավելի լավ են տանում չորային պայմանները, քան հողի խոնավության ավելցուկը։ Առավել վտանգավոր է ձմռան ընթացքում հաճախակի ջրելը։ Ջրումը ձմռան ընթացքում կտրուկ սահմանափակվում է հասուն բույսերի համար՝ մինչև ամիսը մեկ անգամ կամ ավելի հազվադեպ։ Սակավ խոնավությունը բույսերի վրա արտահայտվում է տերևների փափկությամբ։ Ջրի ջերմաստիճանը պետք է լինի տաք կամ սենյակային ջերմաստիճանին համապատասխան, ջրման օպտիմալ ժամանակը՝ երեկոյան։ Բույսերը լավ են արձագանքում քաղաքային բնակարանների չոր օդին և լրացուցիչ ցողման կարիք չեն զգում։
 

Պարարտացում

Այս բույսերը հաճախակի և առատ պարարտացման կարիք չուեն։ Գարնան և ամռան ընթացքում՝ ամիսը մեկ անգամ պարարտացումն էլ բավական է, օգտագործելով դրա համար համակցված պարարտանյութեր։

 

Խնդիրները

Փողածառի մոտ առավել հաճախ հանդիպող խնդիրներից է տերևների թափվելը։

Բույսի նմանատիպ պահվածքի պատճառ կարող է հանդիսանալ՝

  • Գերխոնավացումը, որի մասին արդեն մանրամասն նշվել է
  • Չափից ավելի պարարտացումը
  • Չափազանց բարձր ջերմաստիճանը

Բույսն ըկնելով իր համար անբարենպաստ պայմանների մեջ, փորձում է արագ վերարտադրություն իրականացնել, հենց այդ պատճառով է կրասուլայի տերևները թափվում են, որոնցից ձևավորվում են նոր բույսեր։ Որպեսզի ծաղիկը փրկվի անհրաժեշտ է վերացնել վնասակար գործոնը։

Ծաղկման բացակայությունը սենյակային կրասուլների համար համարվում է սովորական երևույթ, նույնիսկ լավ խնամքի դեպքում նրանք հազվադեպ են ծաղկում, ընդ որում՝ մեծ տարիքում։ Որպեսզի փողածառը ծաղկի, անհրաժեշտ է ապահովել ամբողջական հանգստի շրջան՝ ցածր ջերմաստիճանով և ջրման սահմանափակումներով։

Ծաղիկը հազվադեպ վարակվում է տարածված վնասատուներով՝ վահանակիր, կեղծ վահանակիր և լվիճ։ Դրանց դեմ պայքարելու համար կիրառում են միջատսպաններ։